Լոռու մարզի Դսեղ եւ Չկալո գյուղերի բնակիչները հուսահատված են. մեկ ամիս է, ինչ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը ահազանգում է գյուղնախարարություն, որ խոզերի անկման ցուցանիշներն օր օրի ավելանում են, եւ օգնություն է անհրաժեշտ, սակայն նախարարությունում ոչինչ չեն ձեռնարկում: Վերջին զանգը դեկտեմբերի 11-ին էր՝ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկի առջեւ։
«Դու տվեցիր Ավագյան Արմենի անունը, ես Արմենի հետ խոսեցի, Արմենն ասեց՝ Ալավերդի խոսի Արամի հետ, Արամի հետ խոսեցի, ասում ա՝ ես գյուղ գալու ոչ մի բան էլ չունեմ, ես քո հասակդ հարգում եմ, բայց դուք էդտեղ անասնաբույժ ունեք, ձեր հարցերը լուծեք նրա հետ։ Թող անալիզներ վերցնի, չգիտեմ՝ ուր տանի»,- հեռախոսով գյուղնախարարի ներկայացուցչին ասաց գյուղապետը՝ հիշեցնելով որ գյուղացիները վարկերի տակ են ու ամբողջ չարչարանքը ջուրն է ընկնում. «Գոնե եղածը փրկենք»։
Գյուղապետի խոսքով՝ Դսեղում 892 գլուխ խոզ է եղել այս տարի, սակայն վերջին ամիսների ընթացքում 360-ը սատկել են անհայտ հիվանության պատճառով։
Գյուղի անասնաբույժը՝ Թադեւոսյան Վերգինեն, որը նկարահանման պահին եկել էր գյուղապետարան, հայտարարեց, որ ավելի քան 1 ամիս տևող համաճարակի մասին ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել: «250 հեկտար տարածք է, հո չեմ ընկնի ման գամ, հերթով ստուգեմ»,- ասաց անասնաբույժը։
Գյուղի բնակիչներից Մհեր Մուրադյանը NEWS.am-ին ցույց տվեց անհայտ հիվանդության հասցրած վնասը՝ պարկերով լի սատկած գոճիներ։
Գյուղացիները, տեսնելով, որ նախարարությունը ձեռք չի մեկնում ու վարկերի բեռն օրեցօր ծանրանում է, ստիպված վաճառում են սատկած խոզերի միսը՝ մսավաճառներին կամ խաբելով, կամ էլ կաշառելով։
Լոռիում NEWS.am-ի թղթակցի տեղեկություններով սատկած խոզերի միսը վաճառվում է նաև Երևանում։ Մինչև հիմա աղմուկ չեն բարձրացրել՝ Ամանորից առաջ խոզի մսի վաճառքը չխոչընդոտելու համար։











