Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկում հաճախորդը կրակել է երեք տղամարդու վրա, երբ նրան ասել են, որ մուտքի համար պետք է 30 դոլար վճարի:
Անվտանգության տեսախցիկները տեսագրել են` ինչպես է 42-ամյա Բենջամին Ֆրեյզերը կրակել ու սպանել անվտանգության աշխատողներից մեկին, լուրջ վնասվածքներ հասցրել մյուսին եւ ակումբի մենեջերին։
Տեսագրությունում երևում է` ինչպես է Ֆրեյզերը վիճում ակումբի մենեջերի հետ, քաշքշում նրան, գցում գետնին, հետո հանում ատրճանակը և կրակում:
Այդ պահին անվտանգության աշխատողը բացում է դուռը, տեսնում ատրճանակը, շրջվում, որ հեռանա, բայց Ֆրեյզերը նրան էլ է կրակում:
Հետո կասկածյալը ատրճանակը պարզած դուրս է գալիս խաղասրահ:
Սարսափած հաճախորդները ընկնում են գետնին և փորձում փախչել, իսկ անվտանգության աշխատողներից մեկը հետևից ցատկում է Ֆրեյզերի վրա և փորձում նրան գետնին գցել, սակայն Ֆրեյզերը կրակում է և սպանում նրան:
Անվտանգության աշխատողի մարմնի ծանրությունից Ֆրեյզերն ընկնում է գետնին, առիթից օգտվելով՝ ակումբի մյուս անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծում են Ֆրեյզերին:
Մարդասպանին բռնելուց հետո տեսագրությունում երևում է` ինչպես է բուժանձնակազմը փորձում վերակենդանացնել սպանված անվտանգության աշխատողին, բայց ապարդյուն:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ հնարավոր է՝ Ֆրեյզերին մահապատժի ենթարկեն:











