«Որոշողը մենք ենք» նախաձեռնության մասնակիցները դեկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ից հավաքվել են ԱԺ-ի մոտ, որտեղ ժամը 12։00-ին մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաեւ աղմկահարույց համաձայնագիրը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ, համաձայն որի, ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը կհանձնի «Գազպրոմին» (ֆոտոռեպորտաժ

ԱԺ-ի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, որոնք իրենց ձեռքին ունեն համաձայնագրի այն կետերը, որոնք նախաձեռնության անդամները հատկապես վտանգավոր են համարում ՀՀ-ի համար։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«100 տոկոսանոց սեփականատեր «Գազպրոմը» կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները եւ իր այլ սեփականությունը հանձնել այնպիսի երրորդ կողմերի, որոնք կարող են ուղղակիորեն վտանգել ՀՀ ֆիզիկական անվտանգությունը։

«Հառուսգազարդի» կողմից տնօրինվող տեղեկությունները չեն կարող համարվել պետական գաղտնիք եւ կարող են տրամադրվել ցանկացած երրորդ կողմի։

ՌԴ տարածքից ՀՀ առաքվող բնական գազը ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս, այսինքն՝ կախյալ է Արցախի գազամատակարարման հարցը, ինչն Արցախին կարող է կանգնեցնել էներգետիկ ճգնաժամի առջեւ։

Հոդված 7-ը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. ՀՀ-ում չի կարող ընդունվել որեւէ նոր օրենք, որոշում, որը կարող է փոփոխել կամ ոտնահարել «Գազպրոմ» ընկերության իրավունքներն ու շահերը։ Սա նշանակում է բացարձակ կապիտուլացիա «Գազպրոմին»։

Մինչեւ 2043թ. ներառյալ ՀՀ-ն բացի «Գազպրոմից» ռուսաստանյան որեւէ այլ ընկերությունից իրավունք չունի գազ ներմուծել՝ օժտելով ռուսական կողմին մի շարք անվերապահ ու բացառիկ իրավունքներով, այդ թվում՝ գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունք, ինչը նշանակում է, որ նույնիսկ Իրանից գազ ներմուծելու մեծ ցանկության դեպքում Հայաստանը դա իրավունք չի ունենա անել»։

Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Հայաստանի Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկելու է նաեւ աղկահարույց համաձայնագիրը՝ Հայաստանի կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ՝ ստորագրված այս տարվա դեկտեմբերի 2-ին:

Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը ստիպված է լինելու մինչեւ 2043 թվականը գազային կախվածության մեջ գտնվել ռուսական կողմից: Ընդ որում, հատուկ ընդգծված է, որ Հայաստանը մինչեւ այդ ժամկետի ավարտն իրավունք չունի ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, որոնք փոփոխություններ կմտցնեն համաձայնագրում: