ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված գազի համաձայնագրի դեմ դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը ճնշումը բարձրացել է, երբ տեսել է, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառելով երիտասարդ տղաներին ու աղջիկներին բերման ենթարկում: Այս  մասին NEWS.am-ին ասաց տիկին Սուսաննան. «Որ տեսա՝ երեխեքին ոնց են տանում, վատացա»:

Ազատամարտիկ Պարգև Բադոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Սուսաննայի ինքնազգացողությունը վատացել է այն ժամանակ, երբ նրան ոստիկանները հրել են. «Երբ երեխեքը դուրս եկան փողոց, Սուսաննան էլ գնաց նրանց պաշտպանելու, բայց ոստիկանները նրան հրեցին, գցեցին, ակնոցը ջարդվեց»:

Տիկին Սուսաննայի համար Շտապօգնություն կանչել են ոստիկանները. այն ժամանեց միայն 40 րոպե անց, երբ բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն հեռանում էին: Տիկին Սուսաննայի ճնշումը չափելուց և դեղ ներարկելուց հետո շտապօգնությունը հեռացավ, իսկ ազատամարտիկը միացավ մնացած ակտիվիստներին: