Պրահայից հատուկ նախատեսածից մեկ շաբաթ շուտ Հայաստան վերադարձած դերասան Հայկ Մարությանը ԱԺ-ի դիմաց իրանական գազի բալոնով մասնակցում էր  «ՀայՌուսգազարդի» առուվաճառքի համաձայնագիրը ԱԺ-ում վավերացնելու դեմ դեկտեմբերի 23-ի բողոքի ակցիային:

NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում դերասանն իր քայլը մեկնաբանեց որպես գազային մենաշնորհի դեմ պայքարի յուրահատուկ միջոց. «Պետք է միշտ ունենալ երկընտրանք, որովհետեւ երբ մոնոպոլիան է մտնում դաշտ, միայն վատացնում է վիճակը եւ միայն ժողովրդի եւ պետության շահերին դեմ է: Մենք դրա վառ օրինակը ունենք` «ԱրմենՏելը», երբ մի սիմ քարտն առնում էինք մոտավորապես երեք հարյուր դոլարով »,- ասաց նա։

Դերասանը նաեւ քաղաքացիներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ բողոքի ակցիային. «Չեմ ասում՝ շատ քիչ մարդ է եկել,  պետք է 20-30 անգամ շատ մարդ գա, որ ակնհայտ լինի` մարդիկ ինչ–որ բանի դեմ են, որովհետեւ եթե մարդիկ տանը նստած «դեմ են», ուրեմն դեմ չեն: Բնական է, որ սենց պայմանագրերը ստորագրվում են ճնշումների ներքո,   կառավարությանը խաղաքարտեր են պետք՝ ընդդիմանալու համար, իսկ  խաղաքարտը ժողովուրդն է»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am