Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող ձկնաբուծարաններից մեկում ձկան գողություններ են կատարվում:

Ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահներին հաջողվել է պարզել գողություն կատարող անձանց ինքնություններն ու նրանց բնակության վայրերը:

Ոստիկանները դարանակալում են կատարել կասկածյալների բնակության վայրերում և հենց գողույան վայրից բերման են ենթարկել Նորամարկ գյուղի բնակիչներ` 19-ամյա Հրաչյա Հարությունյանին և 20-ամյա Արմեն Հարությունյանին:

Կասկածյալների հետ մեկտեղ Ոստիկանություն են տարվել և առգրավվել հանցագործության միջոց հանդիսացող ձկնորսական ռետինե նավակը, ցանցերը, ուռկաններն ու պարկերը: Առգրավվել է նաև մոտ 150կգ իշխան տեսակի ձուկը, որը կասկածյալները չեն հասցրել իրացնել:

Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալները գործել են գիշերով:Նրանք ռետինե մակույկը թողել են ձկնաբուծարանի մոտով հոսող գետակում և սկսել են ցանցերով որսալ ձուկը, որը լցրել են պարկերի մեջ, նավակով անցկացրել գետակի մյուս ափն ու բարձել մեքենան:

Կասկածյալներից մեկն իրենց արարքը փորձել է արդարացնել նրանով, որ ազգականներից մեկին վիրահատելու համար շտապ գումար է անհրաժեշտ եղել, իսկ մյուսը նշել է` ուղղակի գումար  է անհրաժեշտ եղել լավ ժամանակ անցկացնելու համար:

Ըստ նախնական հաշվարկների` պատճառված վնասի չափն հասնում է մոտ 400 հազար դրամի:

Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել, որ կասկածյալները գողությունը կատարել են հիմնականում մեկ ավազանից, իսկ թե ինչու հենց մեկից, ոստիկաններին պարզ է դարձել, երբ իմացել են, որ բերման ենթարկվածներից մեկը` Հրաչյա Հարությունյանն աշխատում է հենց այդ նույն ձկնաբուծարանում:

Հրաչյան ծանոթ է եղել ձկնաբուծարանի անցուդարձին, իմացել է, թե որ ավազանում ինչ տեսակի ու չափի ձկներ են բուծվում:

Քննությամբ պարզվել է նաև, որ կասկածյաները` հիշյալ գողությունից բացի, դեկտեմբեր ամսվա ընթացքում ևս եկու ապօրինի այցելություն է կատարել նույն ՍՊԸ` առաջին անգամ իրենց հետ տանելով 50կգ ձուկ,իսկ երկրորդ անգամ` 70կգ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, գողոնն առգրավվել է, իսկ քննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: