Ոստիկաններն ու Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, փակել են գլխավոր մուտքը՝ թույլ չտալով լրատվամիջոցներին ներս մտնել ու մասնակցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք նույնիսկ հայհոյել են լրագրողներին։
Մի քանի րոպե անց լրագրողներին, ի վերջո, թույլ տվեցին բարձրանալ 3-րդ հարկ, որտեղ նրանց դիմավորեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։
«Անջատեք ձեր կամերաները եւ մենք թույլ կտանք ձեզ մտնել դահլիճ ու լսել պաշտպանությունը»,- ասաց ռեկտորն ու հեռացավ։
Ուսանողներն անմիջապես փակեցին միջանցքի մուտքը եւ թույլ չտվեցին լրագրողներին առաջ գնալ։ Քիչ անց լրագրողներին մոտեցավ մի ուսանող՝ խնդրելով նրանցից մեկին գալ դահլիճ եւ համոզվել, որ այն լիքն է։ Լրագրողը, վերադառնալով դահլիճից, հայտնեց մյուսներին, որ դահլիճում տեղ չկա։
Հիշեցնենք, որ քաղաքապետը թեկնածուական թեզ է պաշտպանում «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար։ Նրա գիտական ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ.Լ.Աթոյանը:













