Նախորդ ամսվա կոմունալ ծախսերը վճարելու առաջին օրը՝ հունվարի 14-ին, «Հայփոստի» բաժանմունքներում հերթեր էին գոյացել:
Սպառած գազի դիմաց վճարելուց հետո մարդիկ դուրս էին գալիս մոլորված՝ դժգոհելով, որ նախորդ ձմեռվա համեմատ՝ այս տարի ամսական 20-30 հազար դրամով ավելի են վճարում:
«Անցած ձմեռ ես կոմունալները՝ գազն էլ հետը, մուծում էի 20-21 հազար, հիմա քառասունքանի հազար եմ մուծում: Իմ բարձրացված թոշակը 40 հազար էլ չկա, բայց ես 45 հազար գազի համար պետք ա վճարեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց քաղաքացիներից մեկը:
«2006 թվականից ունեմ գազի վառարան, բայց ոչ մի անգամ ես այսքան շատ չեմ վճարել»,- ասաց մի կին՝ նշելով, որ միայնակ է ապրում՝ հաշմանդամության թոշակով, ու ինչքան էլ փորձել է խնայել, այնուանայնիվ, նախորդ տարիների 3-4 հազարների փոխարեն այս տարի 9 հազար է վճարել:
Մարդիկ դժգոհում են ոչ միայն գազի գնից, այլև որակից: «Գազի մեջ լրիվ օդ ա: Գազի պլիտեն վառում ես, տունը չի տաքացնում»,-NEWS.am-ին ասաց մի տղամարդ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. հունիսի 7-ին որոշեց գազի սակագինը մինչեւ 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար բարձրացնել 18 տոկոսով՝ մեկ խմ-ի համար 156 դրամ (մինչ այդ սակագինը 132 դրամ էր): Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։











