Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, այսօր՝ հունվարի 15-ին, ոստիկանության տարածքային բաժինների պետերի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նրանցից պահանջել է անվերապահորեն կատարել բոլոր հրահանգներն ու ցուցումները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսս հանդիպմամբ մեկնարկել են 2014 թվականի մասնագիտական գործնական պարապմունքները:
Անդրադառնալով նման պարապմունքների անհրաժեշտությանը՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է հասնել տեսական գիտելիների եւ պրակտիկ փորձի փոխլրացման, ինչին էլ կոչված են գործնական պարապմունքները:
Նկատելով, որ այդ ոլորտում արդյունքները դեռեւս հեռու են գոհացուցիչ լինելուց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակել եւ դարձնել ավելի առարկայական:
Վլադիմիր Գասպարյանը բաժինների պետերից պահանջել է անվերապահորեն կատարել բոլոր հրահանգներն ու ցուցումները՝ դրանք հասցնելով մինչեւ շարքային անձնակազմ, ապահովել ստորաբաժանումների համակարգված ու ներդաշնակ աշխատանք, բացառել ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, ծառայողական ու կատարողական կարգապահության խախտումները, անթույլատրելի դրսեւորումները քաղաքացիների հետ հարաբերություններում, ոստիկանի կերպարին ու բարոյականությանն անհարիր այլ երեւույթներ:
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է, որ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային եւ անզիջում է լինելու առաջադրված խնդիրների իրականացման հարցում, մասնավորապես՝ մասնագիտական պարապմունքների ստուգարքն ընդունելու է ոստիկանության կոլեգիան, իսկ թերացողները ենթարկվելու են խիստ տույժերի:




















