77-ամյա Բորիս պապը հունվարի 16-ին կառավարության շենքի մոտ էր՝ պահանջելու վերադարձնել խորհրդային բանկերում ներդրած 40 հազար ռուբլին, որը կուտակել էր երջանիկ ծերության համար:
«Գումարները հետ վերադարձրեք, կուտակայի՞ն եք ուզում, կուտակայինը թալան է: Մի հատ սրան տեր կանգնեք, նոր անցեք մյուսին»,- ասաց Բորիս պապը` թափահարելով խնայողական գրքույկը:
Նրա կարծիքով` ներկայիս կառավարությունը խորհրդայինի իրավահաջորդն է և պարտավոր է վերադարձնել խորհրդային ժամանակշրջանում բանկերին պահ տված՝ քաղաքացիների գումարները: «Բոլորը զավթեցիք, բաժան-բաժան արեցիք: Ով որ գումար էր ներդրել ոչ մի բան չփոխհատուցեցիք. գնացեք, էնքան ներվերներիդ հետ կխաղանք, որ գնաք էն աշխարհ, պրծնենք ձեզանից»,- ասաց 77-ամյա թոշակառուն:
Բորիս պապի խոսքով` այսօր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումը 30 տարի հետո նույն խնդրի առջեւ է կանգնեցնելու քաղաքացիներին:
Թոշակառուն ամոթանք տվեց կառավարությանը` ասելով, որ նույնիսկ ափսոս է շենքը, որտեղ նրանք նստում են. «Էս ձեր նստելու տեղը չի, ձեզ էն խրուշչովյան դոմիկներն են պետք»:











