NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության երթն այնքան բազմամարդ է, որ մինչ առջեւից քայլողները արդեն Մաշտոցի պողոտայով վերադառնում են Ազատության հրապարակ, վերջից քայլողները դեռ Աբովյան փողոցով նոր-նոր հասնում են Հանրապետության հրապարակ։ Ավելին՝ ոստիկանները, որքան էլ բազմամարդ, չեն կարողանում խիտ շարքով ուղեկցել երթի մասնակիցներին։  Սա ամենաբազմամարդ երթն է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչ դեմ պայքարի մեկնարկից ի վեր։

Մասնակիցները սուլում են, վանկարկում «դուրս արի փողոց», թմբուկներ են զարկում, հայրենասիրական երգեր երգում եւ ծափահարում։ Կազմակերպիչները բարձրախոսով քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց պայքարին, չընտրել կուտակային կենսաթոշակային կառավարիչներ՝ դրանով ցուցաբերելով իրենց քաղաքացիական անհնազանդությունը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ երթուղու վրա գտնվող շենքերի բնակարանների պատուհաններից ու պատշգամբներից քաղաքացիները ձեռքերը թափահարելով իրենց աջակցությունն են հայտնում երթի մասնակիցներին։ Մեքենաները նրանց միանում են ազդանշաններով։ Պարբերաբար երթը կանգն է առնում եւ փողոցում խցանում է առաջանում։ Ոստիկանները վարորդներին հորդորում են այլ ճանապարհներ ընտրել՝ խցանումներից խուսափելու համար։

Տարեց քաղաքացիները, որոնց վրա, ի դեպ, 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը չի տարածվում, երիտասարդ անցորդներին կոչ են անում նույնպես միանալ երթին, որպեսզի նրանք էլ չխաբվեն այնպես, ինչպես իրենք ժամանակին խաբվեցին՝ կորցնելով խորհրդային բանկերում ունեցած բոլոր խնայողությունները։

Հավաք-երթի նպատակներն են՝ եւս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ –ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ: