«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ինչպես նախապես հայտարարել էր, երթուղային տաքսիներից օգտվելիս վճարում է 50 դրամ՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգի դեմ: Այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ի տեսախցիկի առջեւ, նա արդեն երկրորդ անգամ երթուղայինից իջնելիս վարորդին վճարեց 50 դրամ։ Վարորդը դեմքը դժգոհ ծամածռեց, բայց տեսնելով տեսախցիկը՝ լռեց։

Նրա խոսքով՝ Հայաստանում հանրային տրանսպորտի վիճակն այնքան վատ է, որը ինքն իրեն հարգելով՝ չի կարող 100 դրամ վճարել. «Երթուղայինը ահավոր վիճակում է, տեսնում եք՝ շատ մարդիկ անգամ նստելու տեղ չունեն, սանիտարական պայմանները ապահովված չեն, անվտանգության պայմանները պահպանված չեն»:

Անի Զախարյանի խոսքով՝ «ղեկավարությունը տարրական սրտացավություն չունի քաղաքացու հանդեպ». «Ես իսկապես չեմ հասկանում ինչով է մտածում այսօրվա ղեկավարությունը: Քաղաքապետը պատճառաբանում է, որ բյուջեում գումար չկա, եւ հինգ տարվա ընթացքում նոր կարելի է այս խնդիրը լուծել, բայց չէ՞ որ քաղաքացու ընտանեկան զամբյուղ կոչված բյուջեում նույնպես գումար չկա»։

Անի Զախարյանը 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին կոչ արեց հետեւել իր օրինակին եւ չվճարել 100 դրամ: «Ես երկրորդ անգամ եմ 50 դրամ վճարում, առաջին անգամ հունվարի 18-ին էր, վարորդը մի քիչ ձայնը բարձրացրեց, բայց ես չլսեցի եւ ուղիս շարունակեցի: Այդ խայտառակ տրանսպորտի համար այդքան վճարելը ամոթ չէ»,- ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը: