Համացանցում եւս մեկ տեսանյութ է հայտնվել Ուկրաինայի ՆԳՆ համազգեստով մարտիկների կողմից Մայդանի ակտիվիստներից մեկին Կիեւի կենտրոնում, կառավարության շենքի դիմաց ծաղր ու ծանակի ենթարկելու վերաբերյալ:

Ավելի վաղ արդեն հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես համազգեստով անձինք ստորացնում են տղամարդուն, լուսանկարվում նրա հետ: Տղամարդու մարմնի վրա երեւում են բազմաթիվ վերքեր ու կապտուկներ: Երբ նա ավտոբուս է բարձրանում, ներկաներից մեկի կողմից աճուկի հատվածում հարված է ստանում:

Այն մասին, որ ուժայիններն ուկրաինացիներ են, վկայում է համազգեստների վրայի «міліція» գրառումը: Կադրում երեւում են նաեւ համազգեստով այլ անձինք, որոնք երթեւեկելի հատվածի երկայնքով կանգնած են՝ ենթադրաբար Մարիինյան զբոսայգու շրջակայքում:

5-րդ հեռուստաալիքի հաղորդավարը, մեկնաբանելով ցանցում առկա տեսանյութը, ուղիղ եթերում հայտարարել է, որ տեսանյութում Բերկուտի աշխատակիցներ են:

Ավելի ուշ կազակ Միխայիլ Գավրիլյուկը, որին ստորացրել են ոստիկանները, Մայդանում ընդդիմության ազգային դիմադրության շտաբում ասուլիս է տվել եւ հայտնել, որ հունվարի 22-ին վերջինն է նահանջել՝ փորձելով իր հետ տանել վիրավորներին: Նրա մոտ նռնակ է պայթել եւ նա ընկել է ուժայինների ձեռքը:

«Քարշ տվեցին, գցեցին գետնին եւ սկսեցին խփել: Ոտքերը դնում էին գլխիս ու լուսանկարվում, այդպես զվարճանում էին: հերթով բոլորտ հարվածում էին»,-պատմել է Գավրիլյուկը:

Միաժամանակ, նա հայտնել է, որ ոստիկանների շարքում եղել են նաեւ այնպիսիք, որոնք փորձել են դադարեցնել ստորացումը, բայց մեծամասնությունը շարունակել է: Ակտիվիստը նշել է, որ իշխանություններից չի խնդրելու հետաքննություն սկսել: «Կազակները դժբախտության մեջ իրենց ընկերներին չեն թողնում: Նրանք վրեժ կլուծեն ինձ համար եւ դա դաժան կլինի»,-խոստացել է նա:

Նշենք, որ Ուկրաինայի ՆԳՆ իր կայքում ներողություն է խնդրել այդ արարքի համար եւ նշել, որ հետաքննություն են սկսել փաստի առթիվ: