Հունվարի 29-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում հրաժեշտ տվեցին անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արամ Ղարաբեկյանին։

Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երաժիշտներ, ընկերներ, Արամ Ղարաբեկյանի արվեստի մեծ թվով երկրպագուներ, որոնք դիրիժորին ճանապարհեցին ծափահարություններով։

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 7-ին, Թեհրանում։ Երաժշտական կրթությունը ստացել է Թեհրանում՝ 1965-73 թթ., այնուհետև սովորել է Բոստոնի  «New England»  կոնսերվատորիաներում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում։ Դիրիժորական արվեստ է սովորելՖրանկո Ֆերարայի մոտ։ 1979 թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը։ Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ:

Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը։ 1983 թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991 թ.։

Հիշեցնենք, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել  2014թ. հունվարի 10-ին, կյանքի 59-րդ տարում: Երաժշտին հուղարկավորեցին Երեւանի քաղաքային Պանթեոնում: