Չեխիայի հոկեյի սիրողական լիգայի դարպասապահը YouTube-ի աստղ է դարձել այն բանից հետո, երբ ցանցում հայտնվել են նրա HC Klasterce թիմի խաղից կադրեր, հայտնում է Mirror-ը:

Տեսագրությունից դատելով՝ 24-ամյա Ռոման Կասպարը այնքան հարբած է,  որ հազիվ է ոտքի վրա մնում: Ի դեպ, այդ հանգամանքը նրա թիմին չի խանգարում հաղթել:

Ավելի ուշ դարպասապահը խոստովանել է, որ խաղից առաջ բարում ութ բաժակ ռոմ է խմել եւ երեք պինտա գարեջուր:

Ցանցում հայտնված կադրերում երեւում է, որ նա ոտքի վրա չի կարողանում կանգնել եւ դարպասաձողից կառչում է չընկնելու համար:  Հանդիսատեսները չեն կարողանում զսպել ծիծաղը:

Ռոման Կասպարը պատմել է, որ ամբողջ խաղի ընթացքն ասես մշուշում լիներ: Նա հիշում է միայն խաղի սկիզբը եւ  վերջից հետո թիմի հետ լուսանկարվելը, հայտնում է «Ռոսիա-24»-ը՝ վկայակոչելով  Metro-ն:

«Ինչեւէ, ինձ հաջողվեց փրկել  HC Klasterce-ի դարպասը, ինչի շնորհիվ հաղթեցինք»,- հպարտ հայտարարում է մարզիկը: Հանդիսատեսները հարբած դարպասապահի հաջողությունը պատահականություն են համարում: Տեսանյութը 1,3 միլիոնից ավելի դիտում է ունեցել: