Հարավային Կալիֆոռնիայում ոստիկանները տարրական դպրոցի ուսուցչի տանը 100-ավոր օձեր և կրծողներ են հայտնաբերել, երբ հարևանները բողոքել են, որ նրա տնից գարշահոտ է գալիս:
Reuters-ը հաղորդում է, որ ոստիկանները 30-ամյա ուսուցչի տնից հանել են 180 կենդանի և մոտ 220 սատկած օձեր: Տունը նաև լի է եղել առնետներով ու մկներով, որոնցով ուսուցիչը կերակրել է օձերին:
Տեսագրությունում երևում է` ինչպես են կենդանիների վնասազերծման բաժնի աշխատակիցները՝ հատուկ համազգեստ հագած, տնից հանում օձերին, որոնց ուսուցիչը պահում էր հատակից մինչև առաստաղ հասնող դարակներում՝ պլաստմասե ամանների մեջ։
Հարևանների խոսքով` իրենք տեղյակ են եղել, որ ուսուցիչը տանը օձեր է պահում, բայց գաղափար չեն ունեցել, որ դրանց թիվը կարող է հասնել 400-ի:
Ուսուցչին ձերբակալել են. նա մեղադրվում է կենդանիների հետ դաժանաբար վարվելու մեջ, ինչն ԱՄՆ-ում քրեորեն հետապնդվում է։











