«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը իր համակիրների հետ՝ 57-ամյա մեկ կին ու 14-ամյա աղջիկ, հունվարի 30-ին, տրանսպորտային բարեփոխումների կոչով եւ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիա անցկացրեց Բաղրամյան պողոտայում ՝ անցորդներին հորդորելով 50 դրամ վճարել երթուղային տաքսիներից օգտվելիս:

«Այս ժամկետանց երթուղայիններից օգտվելիս նստում և  վճարում եք 50 դրամ, որպեսզի քաղաքապետարանը թանկացումների չգնա»,-  քայլելիս հայտարարում էր Անի Զախարյանը՝ նրանց հորդորելով միանալ իրեն:

Անցորդները տարակուսանքով հետեւում էին բարձրախոսով քայլող կնոջը, ոմանք ուշադրություն չէին դարձնում, երեխաներն էլ Անի Զախարյանի հետեւից ոգեւորված բղավում էին «50 դրամ»։

«Քանի որ այսօր Հայաստանի  քաղաքացին նախաձեռնողականությունը պիտի իր ձեռքը վերցնի ու թույլ չտա բոլոր անօրինականությունները, պետք է կատարել առաջին քայլը և վճարել 50 դրամ:  Դրանով պետք է քաղաքապետարանին հասկացնել, որ տրանսպորտի վիճակը պետք է բարելավվի, և թող իրենց մտքով անգամ չանցկացնեն, որ պիտի թանկացնեն այն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը՝ նշելով, որ քաղաքացիները համաձայն են իր հետ, պարզապես պատրաստ չեն 50 դրամ վճարել:

Չնայած ակցիային ոչ մի կամավոր չէր միացել, Անի Զախարյանը համոզված է, որ երբ իր ակցիաները համաժողովրդական ալիքի վերածվեն, բոլորն էլ կմիանան:

Հիշեցնենք, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը  հունվարի 18-ից երթուղային տաքսիներից օգտվելիս վճարում է 50 դրամ՝ այդ կերպ  իր բողոքը հայտնելով տրանսպորտի թանկացման, սպասարկման ցածր որակի և կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ: