Ոստիկանությունը տեսագրություն է թողարկել, որում մանրամասներ է պատմում հունվարի 20-ի ողեբրգական դեպքից, երբ Երևանի բնակիչ Լևոն Համբարձումյանը հրկիզել էր Առատաշեն գյուղում բնակվող նախկին կնոջը, ամուսնուն ու նրանց վագոն տնակը, ինչի հետեւանքով կինը երեք օր անց հիվանդանոցում մահացել էր։

Ոստիկանությունը հաղորդում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, տուժողներ Օֆելյա Մովսիսյանի և Ռուդոլֆ Բաբայանի նկատմամբ նշանակվել են համալիր փորձաքննություններ, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է Լևոն Համբարձումյանը, որը ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Լևոնի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ նախկին կինը խլել էր իր հայրական տունը և իրեն թողել անօթևան:

Լևոնը նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ, երբ կալանավայրից դուրս է եկել, կինը չի համաձայնել, որ Լևոնը հաշվառվի Մանանդյան 26 հասցեում: Նրանք 1991-ից ամուսնալուծված են եղել:

Օֆելյան Ռուդոլֆ Բաբայանի հետ ապրում էր Առատաշեն գյուղի վագոն-տնակում, իսկ Լևոնը երկրորդ կնոջ հետ շարունակում էր ապրել Մանանդյան 26-ում:

Երկար տարիներ նշված բնակարանը կռվախնձոր է եղել նախկին ամուսինների համար: Դատական տերբեր ատյաններում վիճարկվել է սեփականության իրավունքի հարցը և 2008թ. լուծվել հօգուտ Օֆելյայի: Օֆելյան բնակարանը վաճառել է երկրորդ ամուսնուն`Ռուդոլֆին, այնուհետև ամուսինները Լևոնին, նրա կնոջն ու դստերը տնից վտարելու համար դարձյալ դատարան են դիմել և դատարանը բավարարել է հայցը:

Հունվարի 20-ին դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների պահանջով Լևոնն ընտանիքով պետք է լքեր բնակարանը: Վրեժխնդիր լինելու համար Լևոնը հրկիզել է նախկին կնոջը, ամուսնուն ու նրանց վագոն տնակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: