Լոս Անջելեսի խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը հարգել  է հայտնի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակը: Արարողությունը կայացել է նախորդ շաբաթ՝ նախքան խորհրդի նիստը սկսելը, հայտնում է Asbarez-ը:

Նա հիշեցրել է, որ հենց Ղարաբեկյանի ստեղծած նվագախումբն էր նվագում այն նշանակալի օրը, երբ 2012թ. Լոս Անջելեսի փողոցներով տանում էին ամերիկյան «Էնդեւոր» տիեզերանավը: Գրիգորյանը խորհրդի անդամներին ներկայացրել է հայ հայտնի դիրիժորի կենսագրությունը եւ պարգեւները:

Դիրիժորին   հրաժեշտ տալու արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 29-ին Երեւանում: Ներկա էին գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արամ Ղարաբեկյանը մահացել էր հունվարի 11-ին՝ 59 տարեկան հասակում: Նա ծնվել էր 1955թ. Բոսթոնում: Ավարտել էր Բոսթոնի Նյու Իռլանդիայի կոնսերվատորիան՝ մագիստրոսի աստիճանով, իսկ հետագա ուսումը շարունակել էր Գերմանիայի Մայնցի համալսարանում: 1983 – 1991թթ., լինելով Բոսթոնի «SinfoNova» նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը, Արամ Ղարաբեկյանը ելույթ է ունեցել Նյու Յորքի «Garnegie Hall»-ի,  Լոս Անջելեսի «Dorothy Chandler Pavilion» -ի, Բոսթոնի «Symphony Hall» եւ «Jordan Hall» բեմերում՝ արժանանալով հանրության սիրուն եւ ճանաչմանը՝ առաջին հերթին դիրիժորի իր բարձր մասնագիտական վարպետության,  երաժշտական ծրագրերն ընտրելու նորարարության եւ հիանալի կատարման շնորհիվ: 1997թ. նա դարձել էր ՀՀ պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը: