Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող գյուղմթերքի շուկայի (Մասիվի շուկա) նախկին առեւտրականները հունվարի 1-ից ստիպված են աշխատել շուկայի հարակից կիսակառույց շինությունում, որտեղ առեւտրին զուգահեռ շինարարական աշխատանքներ են տարվում, տարածքը խոնավ է եւ ցուրտ։
«Երկու վառարան կա, բայց թե չեն տաքացնում, մի քանի ձեռք շոր ենք հագնում իրար վրա, որ դիմանանք ցրտին։ Ավելի լավ ա, դրսում կանգնենք, գոնե դրսում մաքուր օդ ա, թե չէ ցրտից բացի էստեղ խոնավ էլ ա»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց շուկայի աշխատողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ Շինության պատուհաններին ապակու փոխարեն պոլիեթիլենի շերտեր են։
Շուկայի նախկին շենքը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, այժմ կիսաքանդ է։ Տեղեկություններ կան, որ Ալեքսանյանը նախկին շուկայի տեղում հիպերմարկետ է կառուցում։ Այդ ընթացքում շուկայի վաճառողներին հրահանգել են առեւտուրը կազմակերպել հարակից կիսակառույց շինության առաջին հարկում։ Նախկին շենքը թե վաճառողների, թե տեղի բնակիչների խոսքով՝ հարմարավետ էր, եւ փոխարենը նորը կառուցելու կարիք չկար:
«Դե Ալեքսանյանն ա մեր ճակատագիրը որոշում: Մենք ի՞նչ. մեզ ինչ ասեն, էն էլ կանենք: Մի օր էլ կգան, կասեն՝ էստեղից գնացեք»,- դժգոհեց շուկայի աշխատողներից մեկը:
Վաճառողուհիներից մեկն էլ ասաց, որ նոր տարածք տեղափոխվելուց հետո խոնավությունից իր հիվանդությունները սրվել են, շատերը հիվանդացել են։ Բացի դրանից, բաց վաճառվող մթերքի անմիջապես կողքին շինարարություն է ընթանում, եւ շինարարական փոշին նստում է մթերքի վրա։
Նկատենք, որ թեեւ շուկայի աշխատողներն իրենք էին ահազանգել խմբագրություն, տեսախցիկի առջեւ ոչ ոք չցանկացավ իր դժգոհությունը հայտնել։ Ավելին, մի քանիսը վստահեցրին, որ գոհ են, որ առանց աշխատանք չի մնացել, չնայած խոստովանեցին, որ տեղափոխվելուց հետո առեւտուրը զգալիորեն պակասել է. «Էն ժամանակ օրը 15-20 հազարի առեւտուր էր լինում, հիմա հազար դրամի էլ չի հասնում»:
Վաճառողները հույս չունեն, որ հին շուկայի վերանորոգումից հետո իրենց թույլ կտան վերադառնալ իրենց նախկին աշխատավայր։ Վերադառնալու դեպքում էլ, «Փակ շուկայի» փորձը հաշվի առնելով, մտավախություն ունեն, որ երկար չեն մնա այնտեղ։











