Նորվեգացի Օվե Կարլսենը (Ove Karlsen) փրկել է լճի սառույցի տակ ընկած շանը: Հերոսական արարքը գնահատել են միայն մեկ տարի անց, երբ նա տեսագրությունը տեղադրել է YouTube-ում:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ ձմռանը՝ Նորվեգիայի հարավի Ռուգալան նահանգի Տյուսվեր համայնքում: Այդ օրը Օվեն տնային գործերով էր զբաղված եղել, երբ նրա մոտ էր վազել կինը եւ պատմել լճի սառույցի տակն ընկած շան մասին: Օվեն արագ հագել էր ջրասուզորդի իր համազգեստը, իրեն կապկպել պարանով եւ շտապել կենդանուն օգնության, հայտնում է Dagbladet-ը:
Օվեի համար դժվար էր ուժասպառ կենդանուն մինչեւ ափ հասցնելը, սակայն նրան հաջողվել է: Կարլսեն ամուսինները սառած շանը տաքացրել են եւ տարել անասնաբույժի մոտ, իսկ հետո գտնվել էին նաեւ երախտապարտ տերերը:
Քանի որ փրկելու գործողությունը նկարահանվել էր, Օվեն վճռել է մեկ տարի անց այն տեղադրել YotTube-ում՝ ընկերների համար: Եւ շուտով, ի զարմանս Օվեի, իրեն սկսել են զանգահարել լրագրողները՝ կատարվածի մանրամասներն իմանալու համար:











