Վանաձորում «Դեմ եմ» թիմի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպած հավաք-երթին մասնակցելու համար մայրաքաղաքի «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր՝ փետրվարի 8-ին Երևանից մեկ տասնյակից ավելի մեքենաներով շարժվեցին դեպի Վանաձոր:
«Երևանի ակտիվիստների կողմից ոչ մի միջամտություն չի եղել իրենց նկատմամբ: Վանաձորում իրենք են ինքնակազմակերպվել: Մենք պարզապես գնում ենք իրենց աջակցություն հայտնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Արսեն Թորոսյանը:
Նա նաև նշեց, որ, լինելով բժշկաախտորոշիչ կենտրոնի տնօրեն, այս ամիս իր աշխատողներից չի պահել կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Նախաձեռնության անդամներն իրենց մեքենաներին փակցրել են «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ պաստառներ, իրենց հետ տանում են «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ դրոշներ:
Ճանապարհին նրանք թռուցիկներ կբաժանեն Դիլիջանում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:












