Վանաձորում «Դեմ եմ» թիմի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված հավաք-երթին մասնակցելու համար մայրաքաղաքից մեկնած «Դեմ եմ» թիմի անդամները փետրվարի 8-ին իրազեկման թռուցիկներ բաժանեցին Դիլիջան քաղաքում:
Նախաձեռնության անդամները Դիլիջանի բնակիչներին կոչ արեցին պայքարել իրենց իրավունքների համար` իրազեկելով, որ ՍԴ որոշումից հետո գործատուները պետք է չպահեն կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Ակտիվիստները թռուցիկներ բաժանեցին խանութներում, կրպակներում։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:














