Վանաձորի Արցախ պուրակում ավարտվեց «Դեմ եմ» թիմի նախաձեռնած փետրվարի 8-ի հավաք -երթը՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:
Իրենց ելույթներում «Դեմ եմ» թիմի անդամները պայքարի և միասնականության կոչերով դիմեցին վանաձորցիներին:
«Ընդվզեք, պայքարեք, մի մնացեք դիվանների վրա, էտ դիվանները մեզ ոչ դիվանագետ են դարձնելու, ոչ էլ ուրիշ բան են տալու: Եկեք հրապարակ, դեմ կանգնեք այն գործատուներին, որոնք ստիպում են ձեզ ֆոնդեր ընտրել, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այսօր մենք ելնում ենք մեր ընտանիքների համար պայքարի»,- իր ելույթում նշեց նախաձեռնության անդամ Ռոլանդ Թմոյանը՝ նշելով, որ պետք է չսահմանափակվել մի հավաքով, պետք է պայքարել մինչև վերջ և չհուսահատվել:
Նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը բոլոր պետական հիմնարկների աշխատողներին կոչ արեց միանալ իրենց. «Երբ աշխատավարձը ստանաք ու տեսնեք, որ գումարներ են պահել, կփոշմանեք, որ չեք միացել: Կառավարությունը հույս ունի, որ մենք չենք կարող միաբան լինել: Նրանք կարծում են, որ համախբվել չենք կարող»:
Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ուսանողներ և Վանաձորի տարեց բնակիչներ:
«Այս օրենքով մարդկանց իրավուքներն է ոտնահարվում, մարդիկ չեն կարող վստահ լինել, որ տարիներ հետո իրենց կվերադարձվեն գումարները: Մենք շատ լուրջ աշխատում ենք, ամեն կերպ փորձում իրազեկել մեր քաղաքացիներին, որ տեղեկացված լինեն օրենքի հակասահմանադրական լինելու մասին: Պարզապես այստեղ մարդկանց պայքարողական ուժն է պակասում»,-NEWS.am-հետ զրույցում ասաց Վանաձորի բնակիչ, ուսանողուհի Նունե Աղաջանյանը:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:











