Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ից, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ վարչական շենքի մոտ հավաքվել են ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք պահանջում են վերադարձնել իրենց հունվարի աշխատավարձերից հարկադրաբար պահված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարները (ֆոտոռեպորտաժ)։
«Առավոտվանից խոստացել են, որ կընդունեն մեզ։ Սկզբում ասացին՝ 50 հոգու, հետո 15, բայց մինչեւ հիմա ոչ ոքի չեն ընդունել»,- NEWS.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակից Կարեն Հովսեփյանը։
ՀԿԵ աշխատակիցների բողոքի ակցիային միացել են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ ձեւավորված «Դեմ եմ» թիմի անդամները՝ դրոշներով պաստառներով։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն այս պահին շենքի առջեւ հավաքված վանկարկում են «Իջեք, իջեք»՝ պահանջելով հանդիպում ընկերության ղեկավարության հետ։
«Իմ աշխատավարձը 105 հազար դրամ է, անցած ամսվա համար ստացել եմ 91 հազար դրամ։ Ստացվում է, որ իմ աշխատավարձից պահել են ոչ թե 5%, այլ 13 %»,- ասաց Կարեն Հովսեփյանը՝ նշելով, որ նույն վիճակն է բոլոր աշխատողների մոտ։
Իրենց պահանջները չբավարարվելու դեպքում ՀԿԵ աշխատակիցները սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների, ընդհուպ համընդհանուր գործադուլի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











