«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ վարչական շենքի մոտ հավաքված, իրենց հունվարի աշխատավարձերից հարկադրաբար պահված պարտադիր կուտակային կենսաթոկային գումարները հետ պահանջող ՀԿԵ աշխատակիցներից 20-ին կընդունի ՀԿԵ տնօրենը։ Համաձայնությունը ձեռք է բերվել ՀԿԵ աշխատակիցների եւ Երկաթուղային արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանի միջեւ բանակցութունների արդյունքում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Աշոտ Խլղաթյանը առաջարկել է, որպեսզի տնօրենի աշխատասենյակ բարձրանան ոչ բոլոր աշխատակիցները՝ միայն 20 հոգի, առանց լրագրողների, ինչը առաջացրել է ցուցարարաների դժգոհությունը:

«Մենք բարձրաձայնելու ենք  ոչ միայն 5 տոկոս պահումների խնդիրը այլեւ ուրիշ խնդիրներ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելու  խնդիրը, աշխատանքային վատ պայմանների խնդիրը, ցածր աշխատավարձերի խնդիրը»,- NEWS.am-ին ասաց ՀԿԵ աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ ՀԿԵ աշխատակիցները եւ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ ձեւավորված «Դեմ եմ» թիմի անդամները 12:00-ից  բողոքի ակցիա են անցկացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վարչական շենքի դիմաց: Հիշեցնենք, որ իրենց պահանջները չբավարարվելու դեպքում ՀԿԵ աշխատակիցները սպառնում են գործադուլ անել։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am