«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Գագիկ Մովսիսյանը կարծում է, որ եթե ամբողջ երկրում պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը չի լուծվել, ապա երկաթգծում էլ չի լուծվի:
«Ամբողջ երկրում չի լուծվել, ուզում եք՝ հենց երկաթգծո՞ւմ լուծվի»,- փետրվարի 10-ին ՀԿԵ վարչական շենքի մոտ հավաքված՝ կենսաթոշակային 5% պահումները հետ պահանջող ցուցարարներին ասաց Գագիկ Մովսիսյանը՝ նշելով, որ եթե օրենքը չեղյալ հայտարարվի, աշխատողների գումարները կվերադարձնեն։
ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը երկաթգծի աշխատողների և ղեկավարության հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ հավաստիացրեց, որ փետրվարի 10-ի բողոքի ակցիային մանակցած ոչ մի աշխատող բացակա չի ստանա աշխատանքի չգնալու համար:
Նրա խոսքով՝ ինքը կապվելու է երկաթգծի բոլոր մարզերի աշխատողների հետ և խումբ-խումբ հանդիպումներ է կազմակերպելու նրանց խնդիրներին անդրադառնալու համար:
ՀԿԵ աշխատակիցները, սակայն, մտադիր են չնահանջել եւ շարունակել բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ ընդհուպ մինչեւ գործադուլ։
Անդրադառնալով գործադուլ անելու սպառնալիքին՝ Խլղաթյանն ասաց, որ դժվար է երկաթուղիներում գործադուլ անելը. «Երկաթգիծը ռազմավարական օբյեկտ է, և մենք չենք կարող հենց այնպես գործադուլ անել: Դրա համար պետք է պայմանավորվել և շատ զգույշ այն անցկացնել»:
Նշենք, որ ՀԿԵ աշխատակիցները ընդհանուր առմամբ թերահավատորեն էին վերաբերվում արհիմության ղեկավարին՝ նրան համարելով ղեկավարության մարդը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 12:00-ից, Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող ՀԿԵ վարչական շենքի մոտ էին հավաքվել Հրազդանից, Սևանից, Մասիսից և այլ տեղերից մայրաքաղաք եկած ՀԿԵ աշխատակիցներ: Նրանք պահանջում էին վերադարձնել պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձված իրենց աշխատավարձերի 5 %-ը։
2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:











