Մեծ Բրիտանիայի բնակիչ Շոն Քոուլզի կատակը, որը eBay-ով աճուրդի էր հանել իր ընկերուհի Դեբի Մորանին, հումորիստին դադարել է զվարճացնել, երբ մարդիկ սկսել են դրույքներ կատարել աղջկան գնելու համար:

Բրիտանացու կատակը հոբելյանի առթիվ էր. Շոնն ու Դեբին միասին են արդեն վեց տարի:

Հայտարարությունը տարածում էր ստացել, եւ բրիտանացին կատակը լուրջ ընդունած մարդկանցից բազմաթիվ հայտեր էր ստացել: Լոտի վերջնական գինը  721 եվրոյի (1180 դոլար) վրա էր կանգ առել:

Նորթհեմփշիրում բնակվող Շոնը հեռացրել էր հայտարարությունը, քանի որ հասկացել էր, որ խախտել էր eBay-ի կանոնները, ըստ որոնց՝ առցանց աճուրդի կայքում արգելված է մարդկանց վաճառքի մասին հայտարարություն տեղադրել: Բացի դրանից, հնարավոր է, նա սկսել էր անհանգստանալ, քանի որ նշել էր, թե իր լոտը վերադարձնելու ենթակա չէ:

Հայտարարությունում Քոուլզն իր ընկերուհի Դեբիին, որի հետ ապրում են արդեն վեց տարի, նկարագրել է որպես «պառավ», որը մշատպես բողոքում է տնային գործերից: Նա հրապարակել էր լուսանկարներ, որոնցում Դեբին պառկած է բազմոցին, իսկ  նոութբուքի կողքին աղբ է կուտակված: 

«Ամենայն լրջությամբ կարող եմ ասել, որ ես նրան  չէի վաճառի», - հայտարարել է Քոուլզը:

Մորանն էլ իր հերթին հայտարարել է, որ չնայած ատում է ինտերնետում հրապարակված լուսանկարը, բայց  հասկանում է, որ Քոուլզը դա արել է առանց չար մտքի:

«Դա պարզապես կատակ էր, թեեւ՝ հիմար», - հավելել է Դեբին:

Շոնը 50 առաջարկ է ստացել Ebay-ի օգտվողներից, որոնք լուրջ տրամադրվել էին ձեռք բերել նրա ընկերուհուն: Ըստ Քոուլզի՝ իր կողմից վաճառքի հանված լոտը նաեւ միջազգային հետաքրքրություն էր առաջացրել, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով ITV-ն: