Եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ կասեցվի կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը, ապա Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներից գանձված 5% գումարները հետ կվերադարձնեն: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողներին ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թատրոնի աշխատակիցների փետրվարի 10-ի բոյկոտին:
«Այս հարցը քաղաքական չէ, հարցը սոցիալական է: Բոլորիս հայտնի է, որ այդ բողոքը կապված էր չարաբաստիկ կենսաթոշակային կուտակային օրենքի հետ: Մենք այդ 5 տոկոսը պահել ենք, բայց ոչ ոքի չենք փոխանցել, քանի որ կոլեկտիվը ֆոնդ չի ընտրել: Մենք պետք է սպասենք դատարանի որոշմանը»,-ասաց Կամո Հովհաննիսյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ են քննարկել այսօր աշխատակիցների հետ տեղի ունեցած ժողովին, տնօրենը պատասխանեց. «Մշակույթի նախարար Արթուր Պողոսյանն էլ էր եկել, որպեսզի պարզաբանումներ տանք, քանի որ մարդիկ կան, որ իրազեկված չէին: Մենք բոլորին իրազեկեցինք եւ ասեցինք, որ այս տարի հունվարից մենք գտել ենք աղբյուրներ, որպեսզի ստեղծագործական անձնակազմի աշխատավարձը հունվարից 20% բարձրացնենք: Հայտարարեցինք նաեւ, որ հուլիսի 1-ից էլ 40%-ով կբարձրանան իրենց աշխատավարձերը»:
Տնօրենի խոսքով, աշխատակիցները բարձրացված աշխատավարձի 20 տոկոսը հունվարին չեն ստացել, քանի որ գումարը երկու օր առաջ է փոխանցվել եւ դեռ հաշվարկներ են կատարվում:
«Նվագախմբի համար կառավարությունն է տվել 29 միլիոն, իսկ մնացած կոլեկտիվի համար մենք կարողացանք նախարարության հետ համատեղ միջոցներ գտնել: Հունվար ամսվա գումարը կստանան փետրվարին»,- ասաց տնօրենը:
Կամո Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ աշխատակիցների հետ դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, քննարկումները շարունակվում են. «Հույս ունենք՝ երեկվա դեպքը չի կրկնվի»:
Թատրոնի աշխատակիցները NEWS.am-ին ասացին, որ իրենք դեռ չեն որոշել, աշխատելու են, թե ոչ։
«Մենք վաղը գալու ենք, փորձերն անելու ենք, որպեսզի ֆորմայի մեջ մնանք»,- ասաց բալետ պարողներից մեկը։ Նրա խոսքով՝ ժողովի ժամանակ իրենք ավելի շատ խրատներ են լսել, թե
«դուք արտիստ եք, ինչպես կարող էիք բեմ դուրս չգալ»։
Նշենք, որ փետրվարի 10-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները. թատրոնի անձնակազմը բոյկոտել էր ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չէր եկել: Օպերայի բակում թատրոնի բոյկոտող աշխատակիցներին էին միացել նաեւ այն մարդիկ, որոնք 19:00-ին եկել էին դիտելու «Անուշ» օպերան:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել ուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը։











