«Արցախբանկի» ներկայացուցիչները փետրվարի սկզբից առանձին-առանձին հանդիպում են «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված քաղաքացիներին և խնդրի լուծման համար մի քանի տարբերակներ առաջարկում նրանց:
«Բնակիչներին առաջարկել են, որ գումար ավելացնեն, որպեսզի նույն շենքում բնակարաների շինարարությունը ավարտին հասցնեն և բնակարաները հանձնեն իրենց, կամ եթե չեն ուզում գումար ավելացնել, մեկ ուրիշ տեղում նրանց բնակարան են առաջարկել, կամ մաս-մաս վերադարձնել գումարը»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 11-ին «Տոնուս» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական նիստից հետո NEWS.am-ին ասաց տուժած բնակիչ, թեհրանցի Ռոզա Աբրահամյանը:
Ռոզա Աբրահամյանի խոսքով` բնակիչներից մոտ 50 հոգու «Արցախբանկի» ներկայացուցիչները առաջարկներ ներկայացրել են, և բնակիչները հիմնականում իրենց բնակարաններն են ուզում նույն շենքում:
«Ես էլ եմ բնակարանս ուզում, թեկուզ եւ որոշակի գումար ավելացնեմ, քանի որ բնակարանի արժեքի մոտ 90 տոկոսն արդեն վճարել եմ»,-ասաց արդեն 8 տարի Երեւանում վարձով բնակվող Ռոզան:
Նշենք, որ փետրվարի 11-ին «Տոնուս» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական նիստը նորից հետաձգվեց «Արցախբանկի» եւ «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված քաղաքացիների փաստաբանների չներկայանալու պատճառով:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը Դավիթաշենում եւ Արաբկիրում նորակառույց շենքի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկն» էլ տիրացել է բնակարաններին, քաղաքացիները մնացել են ձեռնունայն եւ չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։











