Երևանի Մետրոպոլիտենի մոտ երկու տասնյակ աշխատակիցները այսօր՝ փետրվարի 12-ին, առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել են Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: (ֆոտոռեպորտաժ)
«Մեր պահանջն է, որպեսզի կասեցնեն այդ օրենքը եւ մեր աշխատավարձից 5% գումար չգանձեն: Ես ստանում եմ 175 հազար դրամ, եւ իմ աշխատավարձից պահել են 12 հազար դրամ: Ձմեռվա այս պայմաններում, երբ կոմունալ վճարումներ ենք կատարում, այդ 12 հազար դրամը անհրաժեշտ է: Կբողոքենք այս օրենքի դեմ, բայց դեռ գործադուլ չենք անի»,- հայտարարեց Մետրոպոլիտենի աշխատակից, մեքենավար Անդրանիկ Գեւորգյանը:
Աշխատակիցները չեն հավատում նաեւ, որ իրենցից գանձված գումարները կստանան, երբ թոշակի անցնեն:
«Մենք հավատ չունենք: Հնարավոր է կառավարությունը փոխվի ու մեր գումարներն էլ կորչեն, մենք չստանանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեքենավարի օգնական Գեւորգ Հովհաննիսյանը:
Աշխատակիցներին աջակցելու են եկել «Դեմ եմ» թիմի անդամները: Նրանց խոսքով, այսօր բողոքող աշխատակիցների թիվը ավելի մեծ պետք է լիներ՝ «ոմանց վրա տնօրինությունը ճնշումներ է գործադրել»:
« Պետք չէ ճնշուների ենթարկվել, ավելի շատ մարդիկ պիտի լինեին այստեղ, այդ դուք պետք է իրենց ճնշեք : Մենք միշտ սատար ենք կանգնելու ձեզ, ողջունում ենք ձեր այս քայլը »,- ասաց «Դեմ եմ» թիմի անդամ Արսեն Մանուկանը:
Մետրոպոլիտների աշխատակիցները բողոք նամակ են գրել, որը հանձնեցին տնօրինությանը:
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











