Արդեն չորրորդ տարին հարկադիր պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ պահանջում են վճարել իրենց 15 ամսվա չվճարված աշխատավարձերը։ Այս պահանջով նրանք այսօր՝ փետրվարի 12-ին, բողոքի հերթական ակցիան են անցկացնում կառավարության շենքի մոտ։
«Բացի դրանից, մեզ հետաքրքրում է մեր գործարանի ճակատագիրը։ Մենք հիմա օդից կախված ենք, լսում ենք տարբեր խառը բաներ՝ մեկ Ռուսաստանին են ծախում, մեկ մեկ՝ իտալացիներին, որ կաուչուկ արտադրեն։ Ուզում ենք իմանալ, ի վերջո, ինչ է լինելու գործարանի ու մեր ճակատագիրը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատողներից մեկը։
«Որքան ես գիտեմ, գործարանում 2000-ից ավելի աշխատակից կա, դա նշանակում է, 2000 ընտանիք կործանման եզրին է։ Իրենց ճոխ սեղաններից հաց ուտելիս ո՞նց իրենց կոկորդներին չի կանգնում»,- վրդովված ասաց գործարանի աշխատող Ռուբեն Մատինյանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բողոքի խաղաղ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։
Հավաքվածները սպասում են, որ կառավարությունից ինչ-որ մեկը մոտենա ու լսի իրենց։












