Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը չի բավարարել կառավարության շենքի առջեւ փետրվարի 12-ին հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, որոնք որոշել են շարունակել բողոքի ակցիան նախագահական նստավայրի դիմաց (ֆոտոռեպորտաժ

Նախարարի հետ հանդիպումից դուրս եկած գործարանի մի քանի աշխատակիցները իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ նախարար Մովսիսյանը խոստացել է փետրվարի 19-20-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը։ Հիշեցնենք, որ գործարանը 15 ամսվա աշխատավարձային պարտք ունի։

«Մեզ մեկ ամսվա աշխատավարձը պետք չէ։ Ամեն անգամ չենք հավաքվելու կառավարության մոտ, որ մեկ ամսվա աշխատավարձ տան»,- դժգոհել են աշխատողները։

Նախարարը հստակ պատասխան չի տվել նաեւ գործարանի ճակատագրի վերաբերյալ։ Նա միայն ասել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում ռուսական «Ռոսնեֆտ»-ի հետ, եւ շուտով կպարզվի գորւծարանի վերագործարկման հարցը։

Հիշեցնենք, որ արդեն չորս տարի հարկադիր պարապուրդի մատնված գործարանի 2000-ից ավելի աշխատողներին մտահոգում է նաեւ գործարանի ճակատագիրը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Նաիրիտ» գործարանի մի քնաի հարյուր աշխատակիցները՝ մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են դեպի Բաղրամյան 26։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am