ՀՀ նախագահական նստավայրից քիչ առաջ դուրս եկան «Նաիրիտ» գործարանի 6 աշխատակիցները, որոնք մտել էին նամակների բաժնի պետի հետ հանդիպման:

«Պահանջեցինք, որ նախ տան մեզ մեր մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մնացած 15 ամիսներինը՝ կես-կես: Բացի դրանից պահանջեցինք, որ հստակ ասեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը»,- հանդիպումից հետ ասաց աշխատակիցներից մեկը:

Նախագահականում խոստացել են պահանջները ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո արդեն հստակ պատասխան կտան ակցիայի մասնակիցներին:

«Առանց ավելորդ արտահայտությունների եւ ոստիկանների հետ բախման գնալու՝ հորդորում ենք բոլորին սպասել պատասխանին»,- հայտարարեցին գործարանի աշխատակիցները:

«Եթե պատասխանը չլինի, վաղն ավելի մեծ թվով գալու ենք էստեղ»,- հայտարարեցին գործարանի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցները հավաքվել էին կառավարության մոտ եւ հանդիպել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախարարի պատասխանը նրանց չի գոհացրել եւ նրանք շարժվել են Բաղրամյան 26:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am