Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Գլենդել Հիլզ» ընկերության առջև այսօր` փետրվարի 12-ին, հավաքվել էին «Դողագործ» ավտոդողերի գործարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք պահանջում էին վճարել 1400 աշխատակիցների 1996-2002թթ չվճարած աշխատավարձերը, եւ գործարանում աշխատելու տարիներին անաշխատունակ դարձած 89 խեղանդամ թոշակառուների հասանելիք գումարը:

NEWS.am-ի հարցին, թե ինչու են հավաքվել «Գլենդել Հիլզի» մոտ, աշխատակիցները ասացին, որ տեղեկություններ ունեն, որ «Նայթս բրիջ» ընկերության սեփականատեր Վ. Կաղուբյանը, որը «Դողագործը» ձեռք բերելուց հետո պարտավորվել է վճարել 1996-ից ի վեր կուտակված իրենց աշխատավարձային պարտքերը, նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատերերից է:

«Ունենք համապատասխան փաստաթուղթ, որ ինքը ճանաչել է պարտքի չափը, պարտավորվել է մինչեւ 2013թ. հուլիսը վճարումները կատարել, բայց  չի վճարել»,- պատմեց գործարանի կենտրոնական լաբորատորիայի պետ Փարիզ Կասմանյանը:

«Ասենք թե հիմա դու գալիս ես, ինձանից տուն առնում, տունը, որ առնում ես, ինձ պիտի հարցնես, թե կոմունալ վճարումները կատարել ես, պարտքերը վճարել ես,  նոր իմ տունը առնես: Նույնը իրանք պատրաստի գործարանը առել են, հետո օգտագործել, սնանկացրել, ու մեզ էլ անտեսել են: Բայց մենք էլ ենք մարդ»,- ասաց  թոշակառու Ժորա Սարբազյանը։

Աշխատակիցները  ցանկանում էին բողոք-նամակ փոխանցել  «Նայթս բրիջի» տնօրեն Աշոտ Գոմցյանին, սակայն «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցներն ասացին, որ  «Վ. Կաղուբյան,  Աշոտ Գոմցյան եւ «Նայթս բրիջ» անուններն առաջին անգամ են լսում, եւ իրենք ոչ մի կապ չունեն այդ մարդկանց եւ ընկերության հետ։

Ավտոդողերի գործարանի աշխատակիցները, սակայն, վստահ էին, որ «Գլենդել Հիլզում» իրենց խաբել են:

«Մենք վստահ ենք, որ այդ մարդիկ վերեւում էին, մեզ խաբեցին: Այսօր խաբեցին, բայց հո վաղը, հաջորդ օրը ու միշտ չե՞ն կարող խաբել: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ վճարեն մեր գումարները»,-  հայտարարեց Փարիզ Կասմանյանը: