Արդեն չորս տարի հարկադիր պարապուրդի մատնված, 15 ամսվա աշխատավարձային պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 13-ի առավոտյան, կրկին հավաքվել են գործարանի մոտ։ Նրանցից 6-ը գնացել են նախագահի նստավայր՝ ստանալու նախօրեին հանձնած իրենց նամակի պատասխանը։

Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը նրանց ներկայացրեց նամակի նախնական պատասխանը, ըստ որի, ինչպես նախօրեին նրանց խոստացել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, փետրվարի 19-20-ին նաիրիտցիները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը։ Երբ կվճարեն մյուս՝ 14 ամիսների պարտքը, դեռ պարզ չէ, եւ քննարկվում է։ Գործարանի վերագործարկման հնարավորության եւ հետագա ճակատագրի մասին տեղեկություններ «Նաիրիտի» աշխատակիցներին նույնպես ոչինչ չեն ասել՝ միայն նշելով, որ բանակցություններ են տարվում։

«Մենք կսպասենք փետրվարի 20-ին։ Եթե մինչեւ այդ մեզ չտան հստակ պատասխան եւ պարտքերի մարման ժամանակացույց, ամսի 21-ին աշխատողները կրկին ոտքի են կանգնելու»,- NEWS.am-ին ասաց «Նաիրիտի» աշխատակից Արայիկ Կարեյանը։

Գործարանի վեց աշխատակիցները վերադարձան գործարան՝  նախագահականի նախնական պատասխանի մասին տեղեկացնելու այնտեղ սպասող գործընկերներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին նախ կառավարության, ապա՝ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացրած՝ գործարանի  աշխատակիցները հայտարարել էին, որ իրենց խնդիրների լուծմանը հասնելու համար իրենք պատրաստ են ծայրահեղ գործողությունների՝ ընդհուպ՝ նստադուլի եւ հացադուլի։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am