«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 13-ին, հավաքվել են ընկերության վարչական շենքի դիմաց՝ հետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված կենսաթոշակային 5% պարտադիր վճարները: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանց միացել են նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։
«Իջեք, իջեք»,- վանկարկում են հավաքվածները՝ ղեկավարությանը կոչ անելով իջնել և բացատրել, թե ինչու են պահումներ արել իրենց աշխատավարձերից:
ՀԷՑ աշխատակից Վիկտոր Հովհաննիսյանը NEWS.am-ին ասաց, որ երկու շաբաթ առաջ իրենք ստորագրահավաք են կազմակերպել եւ ղեկավարությանը խնդրել իրենց աշխատավարձերից պահումներ չանել, բայց հունվարի աշխատավարձի նախավճարները տվել են արդեն պահումներով։
Շենքի առջեւ հավաքվածներին ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը բացատրեց, որ իրենք հակաօրինական ոչինչ չեն արել. «ՍԴ որոշմամբ պահումների մասով օրենքը չի կասեցվել, մենք անում ենք այն, ինչ պահանջում է օրենքը»,- ասաց նա՝ նշելով, որ 5 տոկոս պահումները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, եւ եթե ՍԴ-ն որոշի կասեցնել օրենքը, դրանք կվերադարձվեն։
ՀԷՑ արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանն էլ հավաքվածներին տեղեկացրեց, որ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն այսօր ժամը 16։00-ին հանդիպելու է ղեկավարության հետ։ Աշխատակիցների հարցին, թե ինչու ժամը 16։00-ին, եթե ոչ հիմա, Արտյոմ Մուրադյանը պատասխանեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված են նաեւ մարզերից եկած աշխատակիցներ, եւ հարկավոր է սպասել, մինչեւ բոլորը հավաքվեն։
ՀԷՑ-ն ունի 8000 աշխատակից, որոնցից 2500-ի վրա տարածվում է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը։
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիային միացել են Երեւանի «Մետրոպոլիտենի», «Հարավկովկասյան երկաթուղիների», Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։











