«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ աշխատակիցների, արհմիությունների ներկայացուցիչների եւ տնօրենի մասնակցությամբ կենսաթոշակային պահումների վերաբերյալ փետրվարի 13-ի քննարկումը տևեց երկու ժամից ավելի, բայց կողմերն այդպես էլ վերջնական համաձայնության չեկան:
«Սա դեռ սկիզբն է: Մենք որոշեցինք իրավաբանների հետ ավելի հստակ խորհրդակցելուց հետո նույն պահանջները կրկին իրենց առջև դնել»,-խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ՀԷՑ աշխատակից Վիկտոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ղեկավարության հետ հետագայում կրկին կհանդիպեն։
Նա պատմեց, որ քննարկման ժամանակ ընկերության ներկայացուցիչները կրկին պնդել են, որ իրենք չեն կարող չպահել կենսաթոշակային 5% պարտադիր վճարները, քանի որ դա օրենքի պահանջն է։
ՀԷՑ աշխատակիցները, որոնք առավոտյան բողոքի ակցիա էին անցկացրել ընկերության վարչական շենքի դիմաց, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ շարունակելու են պայքարել, բայց չեն պատրաստվում գործադուլ անել: Նրանց խոսքով՝ տնօրինությունն ամեն կերպ փորձում է հետ պահել իրենց բողոքի ակցիաներին մասնակցելուց։ Մասնավորապես, տնօրինությունը պահանջել է տրամադրել բոլոր այն աշխատակիցների անուները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցել են փետրվարի 13-ի բողոքի ակցիային։
Նշենք որ այսօր՝ փետրվարի 13-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները հավաքվել էին ընկերության վարչական շենքի դիմաց՝ հետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված կենսաթոշակային 5% պարտադիր վճարները: Նրանց էին միացել նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիային միացել են Երեւանի «Մետրոպոլիտենի», «Հարավկովկասյան երկաթուղիների», Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։











