Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նախորդ տարեվերջին կկնքված գազային համաձայնագրերի հետ կապված։

ԵԿՄ փետրվարի 15-ին կայացած համագումարի ընթացքում պատասխանելով պատվիրակների հարցերին՝ պետության ղեկավարը նկատել է, որ շատ քննադատներ, տարբեր պատճառներից ելնելով, փորձում են ամեն ինչ գլխիվայր շրջել եւ ամեն ինչ վատ ձեւով ներկայացնել։

Նախագահը հիշեցրել է, որ քննադատները լռությամբ շրջանցում են գնի հարցը։ «Կնքված համաձայնագրի շնորհիվ ռուսական կողմը մեզ գազը վաճառում է ամենացածր գնով։ Պայմանագրի շնորհիվ 5 տարի մենք կունենանք գազի կայուն սակագին», - նշել է նախագահը՝ հիշեցնելով, որ Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի ավելանա։

Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» 20%  բաժնեմասը Ռուսաստանին հանձնելուն,  Սերժ Սարգսյանը նշել է, որ բաժնեմասի հանձնումը չպետք է անհանգստություն պատճառի, քանի որ «մենք շատ լավ օրենսդրական դաշտ ունենք»: Ըստ Սերժ Սարգսյանի՝ եթե որեւէ մեկը պատրաստ է 20%-ի դիմաց 100 միլիոն վճարել, ինքը պատրաստ է նորից բանակցել ՌԴ-ի հետ եւ պայմանագիրն անվավեր հայտարարել: