Ատոմակայանի կոլեկտիվը հոգեպես ընկճված վիճակում է, աշխատակիցները հուսալքված են գնում աշխատանքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ «ԴԵՄ եմ» թիմի աջակցությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԷԿ աշխատակից Ստեփան Կարապետյանը։ (ֆոտոռեպորտաժ)
«Դու որպես ատոմակայանի աշխատող էսօր հուսալքված գնում ես աշխատանքի, բայց ինչ ձևով դա կանդրադառնա աշխատանքի վրա, չեմ կարող ասել»,- ասաց ԱԷԿ աշխատակից Ստեփան Կարապետյանը։
Ատոմակայանի աշխատակիցները հիշեցրին, որ գոյություն ունի կանոնադրություն, որում գրված է, որ ատոմակայանի աշխատողների համար պետք է ընդունել այնպիսի օրենքներ, որոնք չեն ստիպում, որ աշխատողը իր աշխատանքի ժամանակ մտածի այլ բաների մասին,
«Իսկ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը ստիպում է մտածել այլ բաների մասին»,- ասաց ԱԷԿ աշխատակից Գարիկ Զարգարյանը։
Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայից առաջ ԱԷԿ աշխատակիցները նամակ հաձնեցին ՄԻՊ-ին։
«Նամակում գրել ենք, որ մենք դեմ ենք պարտադիր բաղադրիչին, եւ խնդրում ենք ՄԻՊ-ին, որ բարձրացնի այդ հարցը և ստիպի իշխանություններին, որպեսզի նա հետ նահանջի եւ պարտադիր բաղադրիչը օրենքից հանի»,- NEWS.am-ին ասաց Գարիկ Զարգարյանը։
Նա բոլոր աշխատակիցների անունից հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց հետ վարվեն Մետրոպոլիտենի աշխատակիցների նման. «Փառք ու պատիվ այն տղաներին, որոնց հեռացրել են աշխատանքից իրենց պայքարելու հետեւանքով։ Կոչ եմ անում Մետրոպոլիտենի աշխատակիցներին ոտքի կանգնել, պայքարել, թույլ չտալ, որ իրենց հատ-հատ կոտրեն»։
Զարգարյանի խոսքով՝ պայքարը շատ դժվար է լինելու, որովհետեւ իրենք գիտեն՝ ում հետ են գործ ունենալու, բայց վստահ են, որ հաղթելու են։
«Ատոմակայանը այն հիմնարկն է, որը շատ կարեւոր է մեր երկրի համար, այն հիմնարկն է, որն արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան, այդ պատճառով ատոմակայանը պետք է աշխատի։ Մենք ստրուկ չենք, եւ չկա այդպիսի օրենք, որ մարդուն դարձնի ստրուկ»,- հայտարարեց Գարիկ Զարգարյանը՝ նշելով, որ անկախ ամեն ինչից ատոմակայանը շարունակելու է աշխատել։
Նշենք, որ ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ։
ԱԷԿ աշխատակիցները նաեւ շնորհակալություն հայտնեցին «Դեմ եմ» թիմի անդամներին իրենց աջակցելու եւ իրենց կողքին լինելու համար։
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:











