Ուկրաինական «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը զրահատեխնիկայի օգնությամբ գրոհ է սկսել «Եվրոմայդանի» դեմ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Espreso.TV»-ն, զրահամեքենան բախվել է բարիկադներին, որից հետո գրոհի են անցել ՆԳՆ Ներքին զորքերի ծառայողներն ու բերկուտցիները:

Բարիկադների պաշտպանները զրահամեքենաների եւ «Բերկուտի» մարտիկների ուղղությամբ քարեր եւ «մոլոտովի կոկտեյլներ» են նետում: ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է օգտագործում: Ակտիվիստների խոսքով՝ «Բերկուտը» զինված է Կալաշնիկով ինքնաձիգներով:

Բացի այդ, դեպքի վայր են բերվել ջրցան մեքենաներ: Ներկայումս «Եվրոմայդանում» ուժեղ հրդեհ է բռնկվել, որն, ըստ ընդդիմադիրների, տարածվել է զրահամեքենաներից մեկի վրա:

«Censor.net»-ի փոխանցմամբ՝ կիեւցիները փակել են զրահամեքենաներից մեկի մուտքը, որը շարժվում էր դեպի Մայդան եւ ստիպել են փոխել երթուղին: Արգելափակել զրահամեքենան չի հաջողվել: Մարդիկ «Բերկուտին» կոչ են անում գրոհի չգնալ եւ դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ: Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է արել լքել Կիեւի անկախության հրապարակը: «Նախատեսվում է հակաահաբեկչական գործողություն»,-ասել են ՆԳՆ-ում:

Այս պահին Եվրոմայդանում ավելի քան 20 հազար մարդ կա: