Սոչիում կազակները խափանել են Pussy Riot-ի մասնակիցների երկրորդ փորձը նկարահանել հոլովակ «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը»: Աղջիկների խոսքով՝ տղամարդիկ հարձակվել են իրենց վրա, ծեծել մահակներով ու մտրակներով: Կիրառել են պղպեղի գազ:
«Սոչի-2014 բանների մոտ «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը» երգի ներքո կազակները հարձակվել են Pussy Riot-ի վրա, ծեծել են մրտակներով ու պղպեղի գազ օգտագործել նրանց դեմ»,- հաղորդել է Տոլոկոննիկովան Twitter-ում:
Արդյունքում մասնակիցներից մեկի ունքն է պատռվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Խմբի մյուս մասնակիցների մարմինների վրա մահակների ու մտրակների հարվածների հետքեր են մնացել, կոտրել եբ Մարիա Ալյոխինայի մատ, հաղորդում է Utro.ru-ն:
Ինչպես հաղորդում են, խմբի վեց մասնակիցներ եւ օպերատորները, ակտիվիստների խոսքով, հավաքվել են նավահանգստի մոտ տեսահոլովակ նկարահանել: Երբ նրանք կանգնած էին «Սոչի-2014« պաստառի մոտ, նրանց 20 կազակներ են մոտեցել: «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը» երգը նվիրված է «Բոլոտնայի բանտարկյալներին, Օլիմպիադային, բնապահպան Վիտիշկոյին եւ Ռուսաստանում ազատությունների սահմանափակմանը:
Նշվում է, որ հոլովակ նկարահանելու առաջին փորձը երեկ է եղել, սակայն մասնակիցները, չհասած նկարահանման վայր, ձերբակալվել են ոստիկանության կողմից գողության մեղադրանքով: Հարցաքննությունից հետո ակտիվիստներին ազատ են արձակել:











