Լոռու մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը մեծ վտանգի առջև կկանգնեցնի ոչ միայն Լոռին, այլև ամբողջ Հայաստանը: Վտանգի մասին մարդկանց իրազեկելու համար այսօր՝ փետրվարի 20-ին, մի քանի բնապահպաններ մայրաքաղաքի կենտրոնում թռուցիկներ բաժանեցին:

«Մարդկանց մեծ մասը չի գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում: Գիտեն, թե դա նպաստում է մեր երկրի զարգացմանը, մինչդեռ դա այդպես չէ: Բնական միջավայրն ամբողջությամբ քայքայվում է, թափոններն աղտոտում են օդը, բազմաթիվ հիվանդությունների պատճառ են դառնում: Մեր շատ քաղաքներում հանքարդյունաբերությունը ավերել է ամեն ինչ: Եվ չնայած միջազգային բոլոր բնապահպանական կառույցները մերժում են տվել «Թեղուտի» հանքի շահագործմանը,  իշխանությունների թույլտվությամբ հանքն ամիսներ անց կբացվի: Մեր առողջության, մեր կյանքի, մեր ապագայի հաշվին ոմանք փող են աշխատում: Մեր խնդիրն է մարդկանց իրազեկել և կոչ անել միանալ մեր պայքարին, որպեսզի կանխենք այդ սարսափելի աղետը»,-NEWS.am-ի հետ  զրույցում ասաց բնապահպան Դիանա Սմբատյանը:

Բնապահպանները մարդկանց տեղեկացրին, որ հանքի շահագործման հետևանքով Լոռու մարզի բնությունն ամբողջությամբ կքայքայվի, կթունավորվի մարզում արտադրվող կաթնամթերքը, մսամթերքը, և առաջիկա 10 հազար տարիների ընթացքում անհնար կլինի վերականգնել մարզի կանաչ տարածքները: Նրանք մարդկանց հորդորեցին միանալ իրենց և թույլ չտալ, որ Լոռիում կրկնվի Սյունիքի մարզի պատկերը, որտեղ գործող հանքերի պատճառով մարդիկ առողջական զգալի վնասներ են կրում:

«Սյունիքի մարզն ամբողջությամբ թունավորրված է, Սյունիքի մարզից բերված կաթնամթերքն ամբողջությամբ թունավորված է, ամեն երրորդ երեխան այնտեղ առանց ձեռքի, առանց ոտքի է ծնվում: Ռադիոակտիվության բարձր մակարդակի պատճառով մարդկանց մեծ մասը քաղցկեղ ունի»,-մարդկանց հետ զրույցում իրազեկեցին բնապահպանները:

«Ապրեք, արդար գործ եք անում»,- արձագանքում էին մեծահասակները, իսկ տարիքով ավելի փոքրերը առաջարկում էին իրենց ևս թռուցիկներ տալ, որպեսզի իրենք էլ իրազեկեն մյուսներին: