Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում փետրվարի 21-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամիների պատճառով Տաշիրն ու հարակից 8 գյուղերը երեկվանից հոսանքազրկվել են:
Ուժեղ քամին պոկել էշինությունների տանիքները, տապալել էլեկտրական հենասյուները, պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը՝ վտանգ առաջացնելով բնակիչների համար։
Մասնագետները գիշերվանից աշխատում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Առայժմ վերականգնված է միայն կենսապահովման ոլորտի օբյեկտների էլեկտրականությունը։
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քամու վնասը մեծ չէր լինի, եթե էլեկտրական հենասյուները այդքան հին չլինեին։ Դրանք տասնամյակներ առաջ են կանգնեցվել, և վաղուց պետք է փոխարինվեին։
«Էլցանցեր»-ի ներկայացուցիչը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ իրենք տեղյակ են խնդրին, բայց միջոցներ չունեն խնդիրը հիմնովին լուծելու համար։











