Ուկրաինական «Աջ հատված»-ի ակտիվիստը Ռիվնենի մարզային վարչակազմի նախագահության նիստին ներկայացել է Կալաշնիկով ինքնաձիգով եւ պահանջել իշխանության ամբողջական լյուստրացիա իրականացնել մարզում:

Ակտիվիստը խոստացել է զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի, որքան պետականությանը վտանգ սպառնա, հաղորդում է Censor.net-ը:

«Ոչ ոք մեզ չի արգելի զենք կրել: Դուք չեք այն տվել եւ դուք չեք վերցնելու: Ուզում եք վերցնե՞լ, փորձեք»,-հայտարարել է «Սաշկո Բիլին» եւ հանել որսորդական դանակը:

Ակտիվիստը նաեւ խոստցել է, որ Ռիվնենի մարզում կարգելվեն Կոմկուսն ու Ռեգիոնների կուսակցությունը: «Եթե Ռեգիոնների կուսակցության ղեկավարները չզիջեն իրենց համեստ միլիոնավոր խնայողությունները եւ 3-ական տներ չգնեն զոհերի ընտանիքների համար, «Աջ հատվածը» կբռնագրավի Ռեգիոնների կուսակցության անդամ նախկին ղեկավարների բոլոր բնակարաններն ու տները»,-ասել է նա:

«Աստված բոլոր մարդկանց տարբեր է ստեղծել, իսկ «Կոլտը» հավասարեցրել է նրանց շանսերը»,-նշել է «Սաշկո Բիլին»: