Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նիստն այսօր՝ փետրվարի 25-ին, հետաձգվեց, 3 վկաները չհարցաքննվեցին, քանի որ գործով տուժող Վահան Վրթանեսյանը ներկա չէր: Նա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին դիմում էր ներկայացրել այն մասին, որ հիվանդ է ու նիստին չի կարող ներկայանալ:
Տուժողի հիվանդ լինելու հանգամանքին պատասխանող կողմը թերահավատորեն է մոտենում:
«Ակնհայտ է, որ ոստիկաններն ընդամենը մտածում են՝ ինչ ասել: Քանի որ չեն կողմնորոշվել, չակերտավոր տուժողը պարզեց, որ հիվանդ է: Ու դատարան են ներկայացրել մի թուղթ, որ ինքը վատառողջ է, առանց կից տեղեկանքի, թե ինչով է հիվանդ: Ցանկացած մարդ կարող է այդպիսի թուղթ ներկայացնել առանց հիվանդության մասին որևէ հիմնավորման»,- նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Կիվիրյանի փաստաբանները միջնորդել էին, որ 3 ոստիկանները, որոնք մեքենայի մեջ են եղել Կիվիրյանին Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկելիս, հարցաքննվեն մեկ նիստի ժամանակ:
«Իրենք հիմա մտածում են, թե ոնց խուսափեն այն իրավիճակից, որ իրար հետ հարցաքննվեն, որովհետև ակնհայտ է, որ իրար հետ հարցաքննվելու ժամանակ չեն հասցնի պայմանավորվել, թե ինչ ցուցմունքներ տան: Այսօրվա դրությամբ վերջնական սցենար չեն կարողացել կազմել, դրա համար տուժողը որոշել է չներկայանալ»,-ասավ Կիվիրյանը՝ նշելով, որ երեք վկաներն էլ նախաքննության ժամանակ միմյանց հակասող ցուցմունքներ են տվել և տարբեր կերպ են ներկայացրել այդ օրը ոստիկանության մեքենայի մեջ կատարվածը:
Կիվիրյանի խոսքով՝ ոստիկանությունը նախապես գիտեր, որ նիստը տեղի չի ունենալու, ինչի մասին վկայում է այն, որ ոստիկանության աշխատակից Դիանա Վարդանյանը այսօրվա նիստին ի սկզբանե ներկա չէր. «Ոստիկանության այսպես ասած մտավոր ներուժը Դիանան է։ Բոլորը նրան գիտեն վարչական գործերից։ Անցած նիստին նստած սցենարը գծում էր։ Այսօրվա նիստին ի սկզբանե նա ներկա չէր։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ նիստը տեղի չի ունենալու»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:
2013թ. նոյեմբերի 7-ին Կիվիրյանի դեմ ՀՔԾ-ն ներկայացրել էր եւս մեկ մեղադրանք՝ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանցագործության մասին սուտ մատնություն, որը հունվարի 13-ին հանվեց, Ա. Կիվիրյանին առաջարկվեց համաներում, որից նա հրաժարվեց: Անցած դատական նիստին Կիվիրյանի փաստաբանները կրկնակի ինքնաբացարկ ներկայացրին դատավորին, որոնք նա մերժեց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











