Այսուհետեւ տուգանքներ կիրառվեն այն վարորդների նկատմամբ, որոնք մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները կօգտագործեն առանց խիստ անհրաժեշտության: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սովորական լուսային և ձայնային ազդանշաններն անհարկի օգտագործող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Իսկ այն վարորդները, որոնք գերհզոր ձայնային և լուսային ազդանշաններ կօգտագործեն առանց խիստ անհրաժեշտության, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նրանցից նաև կառգրավվեն ազդանշան արձակող սարքերը:
Սովորական ազդանշանից վարորդները կարող են օգտվել միայն վթարը կանխելու, կամ դրանից խուսափելու նպատակով: Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու իրավասություն ունեն միայն օպերատիվ ծառայություններ իրականացնող պետական մարմինները՝ ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, շտապ օգնությունը:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











