ՀՀ Վարչական դատարանն այսօր՝  փետրվարի 26-ին, հետաձգեց օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ վրան տեղադրելու համար բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության հայցով վարչական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք չեն ստացել պատասխանող կողմի ներկայացրած հակընդդեմ հայցը և ժամանակ խնդրեց՝ դրան ծանոթանալու համար: Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ ոստիկանությունն ընդամենը պատճառներ է փնտրում իր գործերով դատական նիստերը հետաձգելու համար:

«Ակնհայտ է, որ ոստիկանությունը կազմակերպված ձևով զբաղված է այս նիստերը հետաձգելով, որպեսզի հասկանան, թե ինչ անեն: Իրենք հասկանում են, որ իրենք վերածվում են ծաղրուծանակի առարկայի այս գործով: Իրենք զբաղված են մայմունությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ իրենք հակընդդեմ հայց ներկայացրել են ավելի քան 1 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստների հետ Արգիշտի Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները թույլ չեն տվել, հետո մոտեցել են Կիվիրյանին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Կիվիրյանի դեմ գործ է հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։ Կիվիրյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ այդ օրն ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մեղադրանքով։