Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի դեմ բերված ապացուցներն իրականում վկայում են նրա անմեղ լինելու մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, ասաց ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, որ դատարանին հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ իր պաշտպանյալի դեմ ներկայացված մեղադրանքը ոչ մի ապացույցով հիմնավորված չէ:

«Մեղադրանքը, որն առաջադրվել է Հարություն Սարգսյանին, առաջինից մինչև վերջին տողն իր հիմքում ոչ մի ապացույց չունի: Մեղադրողն ուղղակի կանգնում, ասում է՝ էսպես է եղել, էնպես է եղել, բայց ոչ մի ապացույց չի բերում, որով կարող է հիմնավորել, որ դա այդպես է եղել»,- իր պաշտպանական ճառում նշեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ Հարություն Սարգսյանը ոչ մի առնչություն չի ունեցել հանցագործության հետ, ինչի մասին վկայում են գործում առկա ապացույցները: Մասնավորապես, փորձաքննությունը պարզել է, որ կրակոցի արգասիքներ չկան Հարություն Սարգսյանի մարմնի և այդ օրը նրա կրած հագուստի վրա: Փորձաքննության արդյունքում նաև պարզ է դարձել, որ մահացածն ու մեղադրյալը իրար հետ շփում չեն ունեցել:

«Իր և Կարեն Եսայանի հագուստների միկրոմասնիկները չեն համապատասխանում իրար, այսինքն՝ իրար հետ շփում չեն ունեցել: Իր վրա չեն եղել արյան հետքեր, այսինքն՝ անհնար է, որ ինքը կրակած լիներ»,- ասաց Լուսինե Սահակյանը: 

Փաստաբանը հիմնավորեց մեղադրանքում առկա ապացույցների անհիմն լինելը. «Մեղադրող կողմն ասում է, թե իբր ինքը բենզալցակայանի դիմաց է նստել Կարեն Եսայանի ավտոմեքենան, գնացել են «Մայր Հայաստան» հուշահամալիր,  որտեղ ինքը կրակել սպանել է Կարեն Եսայանին: Մեքենայի նստատեղի գորգի վրա, այն մասում, որտեղ, իբր, նստած է եղել Հարություն Սարգսյանը   հայտնաբերել են «Մայր Հայաստանի» հողի հետքերը: Բայց եթե ինքը բենզալցակայանի դիմաց է նստել մեքենան, այդ գորգի վրա պետք է լիներ բենզալցակայանի հողը: Հող է եղել նաև մեքենայի հետևի նստատեղերի գորգերի վրա, ինչն այս մեղադրանքի դեպքում անհնար էր»:

Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 15  տարվա ազատազրկում։

Մեղադրյալը, որը, հիշեցնենք, փետրվարի 13-ից հացադուլի մեջ է, դատարանից արդարացի վճիռ պահանջեց. « Ես պահանջում եմ արդար դատավարություն, մարդասպանը հիմա ազատության մեջ է ու ծիծաղում է ոչ թե ինձ վրա, այլ մեղադրողի, ես պահանջում եմ արագ ու արդար վճիռ , եթե այս հանրապետությունում արդարադատություն ասվածն իսկապես գործում է»։

Դատավճիռը կհրապարակվի մարտի 12-ին: