Իրադարձությունը, որը տեղի է ունեցել Նյու-Յորքում պիկ ժամի, արդեն կնքվել է որպես «Հրաշք 3-րդ ավենյուում»: Հղի կինը, ով ծննդատուն էր գնում, չի կարողացել տաքսի կանգնեցնել, ու ստիպված է եղել ծննդաբերել ամբոխի աչքի առաջ:
Տեղի ունեցածի ականատես են դարձել Fox News հեռուստաալիքի լրագրողները, ովքեր սկզբնապես այլ տեղ էին ուղեւորվում: Սակայն երբ տեսել են հավաքված ամբոխին, Մանհեթենի 3-րդ ավենյուում, փոխել են իրենց ծրագրերը:
Ականատեսների խոսքով՝ կինը, ում անունը չի նշվում, փողոց դուրս գալուն պես երկունքի ցավեր է զգացել: Հաղորդում են, որ երիտասարդ մայրը բնակվում է 68-րդ փողոցի բնակարաններից մեկում: Դռնապանն ուղեկցել է մինչեւ փողոց, որպեսզի տաքսի նստի, սակայն երեխան չէր կարող այլեւս սպասել:
«Հանկարծ նա բղավեց. «Աստված իմ, երեխան ծնվում է»: Հետո տեսա, որ երեւում է երեխայի գլուխը»,- պատմել է պատասխանատու պահին ծննդաբերող կնոջ կողքին հայտնված կինը: Նրա խոսքով՝ մի քանի րոպե անց լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա:
Անցորդներից մի քանի կին շտապել է օգնության՝ առաջարկելով իրենց շարֆերը որպես ծածկոց երեխայի համար, քանի որ փողոցում բավական ցուրտ էր, հաղորդում է FederalPost-ը:
Կնոջը, նրա ամուսնուն ու նորածնին տեղափոխել է Լենոքս Հիլ հիվանդանոց: Ինչպես հաղորդում են, մայրն ու նորածինն իրենց լավ են զգում: Սա զույգի արդեն երրորդ երեխան է:
















